Ամրագրել այցելությունը
Views671

Մեր օրերում սպիտակ հարսանյաց զգեստները համարվում են դասականի չափանիշ: Սակայն շատ տարիներ առաջ ամեն ինչ այլ էր։ 
Սպիտակ հարսանեկան զգեստի պատմությունը սկսվել է միայն 1840 թվականից, երբ Վիկտորյա թագուհին այն կրել է իր հարսանեկան արարողության ժամանակ: 
Եկեք մի փոքր ավելի խորն ուսումնասիրենք և տեսնենք, թե ինչպես են փոխվել հարսանյաց զգեստները տարիների ընթացքում:

Հնագույն հարսանյաց զգեստներ
Հին ժամանակներում հարսանիքների մեծամասնությունը ավելի շատ տնտեսական միություն էր, քան երկու սիրահարված մարդկանց միություն: Սակայն դա չէր խանգարում հարսնացուներին ընտրել և կրել վառ զգեստներ, որպես իրենց ամուսնության երջանկության նշան։

Հին Հռոմում, հարսնացուները կրում էին մինչև հատակը հասնող կտորից զգեստներ, որոնք փաթաթում էին գոտկատեղի շուրջը` գոտիով:

Հնագույն հարսանյաց զգեստներ

Հարսանյաց զգեստների պատմությունը միջնադարում
Միջնադարում ամուսնությունները երկու ընտանիքների, բիզնեսների և նույնիսկ երկրների միություն էին: Որպես կանոն, հարսնացուն հագնում էր մի զգեստ, որն իր ընտանիքը համարում էր ամենահարմարը՝ իրենց հարստությունն ու կարգավիճակը ցույց տալու համար։

Այդ ժամանակների հարսանյաց զգեստների պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջնադարյան հարսնացուներն ունեցել են հարուստ գունային երանգներով և թանկարժեք գործվածքներով հարսանյաց զգեստներ։ Նման զգեստներ գնելու հնարավորություն չունեցող հարսնացուները կարում էին ավելի պարզ և էժան նյութերից պատրաստված հանդերձանքներ, թեև փորձում էին կրկնել էլեգանտ ոճերը։ Ինչ վերաբերում է գույներին, եթե նայենք միջնադարյան նկարներին, կնկատենք, որ կարմիրը հարսնացուների շրջանում ամենատարծված գույներից էր, գուցե այն պատճառով, որ խորհրդանշում էր պտղաբերություն:

Միջնադարի հարսանյաց զգեստ

Հարսանյաց զգեստների պատմությունը 16-18-րդ դարերում
Այս ժամանակաշրջանի հարսանյաց զգեստները նույնպես տարբերվող էին: Հարսնացուները սովորաբար հագնվում էին այնպես, ինչպես նրանց սոցիալական կարգավիճակը թույլ էր տալիս։ Հարուստ ընտանիքների աղջիկների զգեստները ամենաթանկ նյութերից էին: Իսկ սովորական ընտանիքի հարսնացուն սովորաբար նոր զգեստ չէր գնում, այլ պարզապես հագնում էր իր ունեցած լավագույնը: Ավելին, նրա սոցիալական կարգավիճակը դրսևորվում էր զգեստի համար օգտագործվող նյութերի քանակով։ 

Ինչ վերաբերում է գույներին, 1500-ական թվականներին կապույտն էր հարսանեկան զգեստի ամենահայտնի գույնը։ 1600-ական թվականներին կարմիրը դարձավ հարսնացուների շրջանում ամենաթրենդայինը: Իսկ 1700-ականներին ամենանորաձևն էին մանուշակագույն, վարդագույն և պաստելի գույներով զգեստները։

16-18-րդ դարերի հարսանյաց զգեստ

Վիկտորիա թագուհու լեգենդար սպիտակ զգեստը
Ակնհայտ է, որ թագավորական հարսանյաց զգեստները պատմության ընթացքում առանձնացել են իրենց շքեղությամբ և գեղեցկությամբ: Բայց կա մեկը, որն ամեն ինչ փոխեց։ 
1840 թվականին Վիկտորյա թագուհին իր հարսանիքին կրելով սպիտակ զգեստ ազդարարեց հարսանեկան նոր ավանդույթի սկիզբը։ 

Իհարկե, ոչ բոլորը միանգամից սկսեցին կրել սպիտակը, քանի որ քչերը կարող էին իրենց թույլ տալ նման զգեստ: Նույնիսկ եթե նախապատվությունը տալիս էին սպիտակին, դա սովորաբար հասարակ զգեստ էր լինում, որը կարելի էր օգտագործել առօրյա կյանքում։ Սպիտակ զգեստը նաև ապահովված հարսնացուի խորհրդանիշն էր, քանի որ միայն ամենահարուստ ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ գնել այն, քանի որ սպիտակը դժվար էր ձեռք բերել և պահպանել:

Վիկտորիա թագուհու լեգենդար սպիտակ զգեստը

Հարսանյաց զգեստների պատմությունը 20-րդ և 21-րդ դարերում
Մեծ ճգնաժամի ընթացքում սպիտակ հարսանյաց զգեստների պատմությունը թվում էր ավարտված է։ Տնտեսական վատ վիճակի պատճառով հարսնացուների մեծամասնությունը չէին կարող իրեն թույլ տալ այնպիսի զգեստ, որը երբեք այլևս չէին հագնի: Այդ իսկ պատճառով նրանք վերադարձան հին ավանդույթներին՝ կրելու ցանկացած գույնի լավագույն զգեստը:

Իրավիճակը փոխվեց 20-րդ դարի երկրորդ կեսին՝ տնտեսական վերելքից հետո։ Սպիտակ հարսանեկան զգեստները վերադարձան և դաձան հարսանեկան ավանդույթի մի մասը։ Դրա վկայությունն էին Գրեյս Քելիի և արքայադուստր Դիանայի հարսանյաց զգեստները։ Զուգահեռաբար սկսվեց հարսանեկան զգեստի ստեղծագործական պատմությունը։ 1960-70-ական թվականներին հայտնվեցին առաջին մինի հարսանյաց զգեստները և հարսանեկան կոստյումները։

Գրեյս Քելիի հարսանյաց զգեստը

Եթե ​​պատասխանենք այն հարցին, թե ինչպես են փոխվել հարսանյաց զգեստները, ապա շատ բան ասելը նշանակում է ոչինչ չասել։

Զարգացումն ու փոփոխություններն անկասկած չեն դադարում և միգուցե, անցնի որոշ ժամանակ, և մենք դադարենք սպիտակ զգեստները հարսանիքի դասական հանդերձանք համարել: Դե ինչ, ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
 

Հարսանիքներն աշնանը
2022-09-01
views 294